Ինչպե՞ս կարող է Հունգարիան ձեւացնել, որ հավատացել է ադրբեջանական խոստումներին. ՀՀ ԱԳ նախարար
Արտաքին Քաղաքական
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում դասախոսություն կարդալիս անդրադարձել է Ռամիլ Սաֆարովի արտահանձնման աղմկահարույց դեպքին:
ԱԳ նախարարը մասնավորապես ասել է. «2004թ. ոճրագործությունից անմիջապես հետո, դատավարության ընթացքում, դատավճռի հրապարակումից հետո, այս տարիների ընթացքում, Ադրբեջանը ինտենսիվ ջանքեր էր գործադրում հանցագործին տեղափոխելու համար: Հունգարիայի իշխանությունները կտրականապես մերժում էին այդ բոլոր փորձերը: Ի՞նչ պատահեց, որ Հունգարիայի ներկայիս կառավարությունը հանկարծակի հավատաց Ադրբեջանի ստերին»:
«Ինչպես կարող է Հունգարիան ձևացնել, որ հավատացել է ադրբեջանական կեղծ խոսևտումներին»,-հավելել է նախարարը:
Ըստ արտաքին գերատեսչության ղեկավարի՝ Ադրբեջանի իշխանությունները իրենց երկրում խորապես արմատավորված կոռուպցիան փորձում են բարձրացնել միջպետական հարաբերությունների մակարդակի:
Է. Նալբանդյանը չի հերքել, որ ՀՀ իշխանությունները տեղյակ են եղել Ադրբեջանի փորձերի մասին. «Հայաստանը բոլոր՝ նախագահի, խորհրդարանի ղեկավարի, վարչապետի, ԱԳ նախարարի, դեսպանների մակարդակներով շարունակաբար հունգարական իշխանությունների ուշադրությունն է հրավիրել ոճրագործի հանձնման անթույլատրելիության վրա ու միանշանակ հավաստիացումներ ստացել, որ նման քայլը բացառված է»:
Էդվարդ Նալբանդյանը նաև ասել է, որ Ադրբեջանի ղեկավարության այս խայտառակ քայլը և վերջին օրերին հնչեցվող արձագանքները ցնցել են միջազգային հանրությանը. «Ադրբեջանը, փաստորեն, իր ցինիկ արհամարհանքն է արտահայտում միջազգային հանրության նկատմամբ: Միջազգային հանրության կողմից նման երեւույթների հանդուրժումն է ձեւավորում սադամհուսեյնների»,- ամփոփել է արտգործնախարարը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում