Հովիկ Աբրահամյանն ընդունեց Արգենտինայի արտգործնախարարին
Արտաքին Քաղաքական
Սեպտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Արգենտինայի արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանին: Ողջունելով նախարարին՝ պարոն Աբրահամյանը նշեց, որ նրա այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը կարեւորում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության դինամիկ զարգացումը եւ հետաքրքված է Լատինական Ամերիկայի երկրների, մասնավորապես Արգենտինայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմամբ եւ խորացմամբ: Հովիկ Աբրահամյանը կարեորեց միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունը՝ նշելով, որ երկու երկրների խորհրդարաններում ստեղծված պատգամավորական բարեկամության խմբերը միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման կարեւոր հիմք կարող են հանդիսանալ: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը կարեւոր համարեց նաեւ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Արգենտինայի արտաքին գործերի նախարարը նշեց, որ իր երկիրը մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ բազմակողմ համագործակցության զարգացմանը՝ այս համատեքստում կարեւորելով միջխորհրդարանական կապերի ակտիվացումը: Երկկողմ հարաբերությունների խորացմանը նպաստում է նաեւ հայ համայնքը, որը, նախարարի խոսքով, մեծ ներդրում ունի Արգենտինայի տնտեսության եւ այլ ոլորտների զարգացման գործում:
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան նաեւ ԼՂ հիմնախնդրին՝ երկուստեք շեշտելով, որ այն պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների արդյունքում: Քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում