«Հրապարակ». Զորակոչվել են նախկին իշխանությունների մեծ թվով ներկայացուցիչներ
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Հայաստանում սեպտեմբերի 27-ից հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք: Մենք տեղեկացանք, որ զորակոչվել են նախկին իշխանությունների մեծ թվով ներկայացուցիչներ։
Օրինակ, Նիկոլ Փաշինյանի ամենախիստ քննադատներից մեկը՝ slaq.am կայքի խմբագիր Մենուա Հարությունյանը պահեստազորի շարքերում մեկ շաբաթ է՝ իր ծառայությունն է իրականացնում սահմանին։ Զորակոչվել է նաեւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը․ նա մասնագիտությամբ բժիշկ է, պաթոլոգանատոմ։
Ծառայում են նաեւ մեծ թվով նախկին պատգամավորներ՝ Անդրանիկ Կարապետյանը, Ռուստամ Գասպարյանը։ Արագած Ախոյանը նոր է վերադարձել ճակատից։ Ծանուցել են նաեւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի որդուն։
Զինկոմիսարիատից ծանուցագիր է ստացել նաեւ ՀՀԿ-ական նախկին մարզպետներից մեկն ու նրա որդին։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ ծանուցել են, բայց դեռ չեն կանչել՝ սպասում են իրենց հերթին։ Ռազմի դաշտում են անգամ շոուբիզնեսի ներկայացուցիչները, օրինակ՝ երգիչ Արսեն Սաֆարյանը եւ շատ ուրիշներ»: