ՀՀ-ին կտրամադրվի շուրջ 17 մլն եվրո լրացուցիչ ֆինանսավորում
ՀայաստանԽորհրդարանը քննարկեց ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագիր, որով նախատեսվում է ներգրավել լրացուցիչ 17 մլն եվրո:
Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2020 թվականի ապրիլի 21-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:
Փոխնախարարի խոսքով՝ համաձայնագրով առաջարկվում է շարունակել Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող նախկին երկու ծրագրերը, որոնք ուղղված էին համայնքներում սոցիալական նշանակության ենթակառուցվածքների զարգացմանը: Վերջին ծրագիրը, որ իրականացվել էր մինչև այժմ, ուներ 30 մլն դոլարի արժեք: Իրականացված ծրագրի շրջանակում վերակառուցվել են մանկապարտեզներ, դպրոցներ, առողջապահական հաստատություներ, գույքով ապահովվել են մանկապարտեզներ, դպրոցներ և այլն:
«Առաջարկվող համաձայնագրով լրացուցիչ ֆինանսավորում ենք ակնկալում ստանալ, որը կկազմի շուրջ 17 մլն եվրո: Այս ծրագիրը մենք գնահատում ենք արդյունավետ»,-ասաց Տերտերյանը: