Միգրացիայի ոլորտում առկա են շուտափույթ լուծման կարիք ունեցող խնդիրներ. նախարար
Հասարակություն
Սեպտեմբերի 5-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը (ՄԶՄԿ) և Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի առաքելության գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը (ՄՄԿ) ստորագրեցին Համագործակցության հուշագիր՝ «Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թթ. գործողությունների ծրագրի» և «Հայաստանի Հանրապետությունից սկիզբ առնող անկանոն միգրացիայի երևույթի ուսումնասիրության և դրա կանխարգելման վերաբերյալ հայեցակարգի» շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացման աջակցության վերաբերյալ:
Համագործակցության նպատակն է աջակցել ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 1593-Ն որոշմամբ հաստատված ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թթ. գործողությունների ծրագրով սահմանված միջոցառումների և գործողությունների իրականացմանը, ինչպես նաև սահմանված ժամկետներում ակնկալվող արդյունքների ապահովմանը, ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 30-ի թիվ 51 արձանագրային որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունից սկիզբ առնող անկանոն միգրացիայի երևույթի ուսումնասիրության և դրա կանխարգելման վերաբերյալ հայեցակարգով սահմանված միջոցառումների իրականացմանը:
Այս փաստաթղթերը նախատեսում են Հայաստանի Հանրապետությունում միգրացիայի կարգավորման ոլորտի բարեփոխումներ և ենթադրում են այնպիսի կարևոր միջոցառումներ, ինչպիսիք են՝ աշխատանքային միգրացիայի ոլորտի օրենսդրական դաշտի ձևավորում, շահագրգիռ օտար պետությունների հետ երկկողմ աշխատանքային համաձայնագրերի կնքում, աշխատանքի տեղավորման մասնավոր գործակալությունների գործունեության կարգավորում, միգրանտ աշխատավորների իրավունքների պաշտպանություն, ՄԱԿ-ի «Բոլոր միգրանտ աշխատավորների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության մասին» կոնվենցիայի ընդունում, ԵՄ–ում ընդունված չափանիշներին համապատասխանելիության տեսանկյունից միգրացիան կանոնակարգող ՀՀ օրենսդրական դաշտի վերլուծություն, ինչպես նաև անկանոն միգրացիայի վտանգների և օրինական աշխատանքային միգրացիայի հնարավորությունների մասին հանրության իրազեկման մեծածավալ արշավ:
«Արդեն ավանդույթ դարձած՝ նախարարության և հասարակական ու միջազգային կազմակերպությունների սերտ համագործակցության արդյունք է նաև այս հուշագրի ստորագրումը: Միգրացիայի ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն: Մեր նպատակն է պահպանել ՀՀ քաղաքացիների օրինական շահերը և ավելի մեծ թափով ու արդյունավետ իրականացնել նախատեսված ծրագրերը: Կարևորում եմ մեր համագործակցությունը և ակնկալում եմ հիմնարար ու լիարժեք արդյունքներ»,- ընդգծեց իր խոսքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը:
Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի առաքելության գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը նշեց, որ աշխատանքային միգրացիայի ոլորտում իրականացնում են ՄՄԿ-ի զարգացման հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող ՄՄԿ-ի «ՀՀ Կառավարությանը աշխատանքային միգրացիայի սխեմաների նախաձեռման գործում Տեխնիկական աջակցություն» և Եվրոպական միության օժանդակությամբ ՄԶՄԿ-ի և ՄՄԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագրերը, որոնք աշխատանքային միգրացիան կարգավորող օրենսդրություն մշակելու գործում հնարավորություն կընձեռեն տեխնիկական աջակցություն տրամադրել ՀՀ կառավարությանը:
«Մենք երկար տարիներ սերտ համագործակցում ենք ՀՀ ԱՍՀ նախարարության հետ և պատրաստ ենք այս հուշագրի շրջանակներում աշխատանքային միգրացիայի շրջանառու սխեմաների մշակման գործում, ինչպես նաև այլընտրանքային միջոցների, մասնավորապես օտար պետություններում օրինական կարգավիճակով ՀՀ քաղաքացիներին կարճաժամկետ աշխատանքի տեղավորման հնարավորությունների հարցում տրամադրել համապատասխան աջակցություն»,- նշեց իր խոսքում ՄՄկ-ի Հայաստանի առաքելության ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը:
Հուշագրով սահմանված գործողությունների իրականացման համար կստեղծվի համակարգող հանձնաժողով՝ շահագրգիռ կողմերի և շահառուների ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչպես նաև կձևավորվի աշխատանքային խումբ՝ փորձագետների ներգրավմամբ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը