55 հազար դոլար՝ մեդալակիրներին, համակարգիչներ՝ Իսահակյանի անվան գրադարանին
Հասարակություն
Այսօր տեղի է ունեցել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ՝ խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ: Նիստում ամփոփվել են անցած երեք ամիսների ընթացքում կատարված աշխատանքները, ինչպես նաև հաստատվել են առաջիկա կարճաժամկետ ծրագրերը: Այս մասին Լուրեր.com–ին հայտնել են «Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամլո ծառայությունից։
Նախ՝ որոշվել է բավարարել Ա. Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն Հ. Կարապետյանի խնդրանքը՝ ընթերցողների սպասարկման, ինչպես նաև գրադարանային գործառույթների վարման էլեկտրոնային եղանակին անցնելու կապակցությամբ գրադարանին 25 նորագույն համակարգիչներով ապահովելու վերաբերյալ:
Նախատեսվում է նաև հանրապետության երեք մասնագիտացված դպրոցներին ապահովել կույրերի համար նախատեսված դիտակտիկ նյութերով, որոնք այդ կրթօջախներին հնարավորություն կտան կրթական ու վերապատրաստման դասընթացներն իրականացնել լիարժեք պայմաններում:
Նիստի ժամանակ անդրադարձ է եղել նաև ամառային օլիմպիական խաղերում մեդալներ նվաճած հայաստանցի մարզիկների պարգևատրմանը: ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանն իր և Կարապետյանների ընտանիքի անունից ափսոսանք հայտնեց, որ մեր մարզիկները ոսկե մեդալ չեն նվաճել: Կ. Կարապետյանը հիշեցրեց, որ յուրաքանչյուր ոսկե մեդալի համար նախատեսված էր 100 հազարական դոլարին համարժեք պարգև: Արծաթե մեդալ նվաճած Արսեն Ջուլֆալակյանը «Տաշիր» հիմնադրամի կողմից կպարգևատրվի 25 հազար, իսկ բրոնզե մեդալներ ստացած Հռիփսիմե Խուրշուդյանն ու Արթուր Ալեքսանյանը՝ 15 հազարական դոլարին համարժեք դրամով։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը