Նոյեմբերի 28-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Այս մասին հայտնում է ԱՀ արտգործնախարարությունը։
Մասիս Մայիլյանը շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու առիթով՝ հատուկ ընդգծելով, որ ստեղծված դժվարին իրավիճակում այն էլ ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում:
Հանդիպմանը կողմերն անդրադարձ են կատարել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքին՝ կարևորելով հանրապետությունում կայունության ապահովման և մարդասիրական ոլորտում առկա բարդ խնդիրների լուծմանն ուղղված, Արցախի իշխանությունների հետ համագործակցությամբ ձեռնարկվող միջոցառումները։
Նախարարները երկուստեք նշել են Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի արդյունքում զոհված հայ զինծառայողների մարմինների դուրսբերման, անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման, ռազմագերիների, ինչպես նաև պատանդների ազատ արձակման ուղղությամբ աշխատանքների արագ իրականացման կարևորությունը: