«Հրապարակ». Ստյոպա Սաֆարյանը վստահ է, որ հաղթելու շանսերը չափազանց բարձր են
Հայկական Մամուլ
Թիվ 1 ընտրատարածքից մեծամասնականով պատգամավոր «ընտրված» Ռուբեն Հայրապետյանի հրաժարականից հետո նույն ընտրատարածքում կրկին ընտրություններ են հայտարարվելու: Այստեղ պատրաստվում է առաջադրվել «Ժառանգության» նախկին թեկնածու Ստեփան Սաֆարյանը:
«Բոլոր պարագաներում մայիսի 6-ի ընտրություններն ապացուցել են, որ ես ունեմ հաղթելու չափազանց մեծ հավանականություն՝ հաշվի առնելով, թե ինչ բարդ ընտրատարածքում էի առաջադրվել, ու ով էր իմ մրցակիցը, բացի այն, որ թաղային հեղինակություն էր և պետական կառույցների աջակցությունն էր վայելում: Եվ բացի այդ, ցավոք սրտի, ընդդիմությունն էր թեկնածու առաջադրել ինքնառաջադրման եղանակով: Անգամ այդ պայմաններում իմ ստացած քվեները վկայում էին հաղթանակի մասին, և այս անգամ էլ վստահ եմ, որ հաղթելու շանսերը չափազանց բարձր են»,- «Հրապարակին» ասել է Սաֆարյանը:
Թերթը նշում է, որ «Ժառանգության» ներկայացուցիչը հավաքել էր ավելի քան 9 հազար քվե: Այս ընտրատարածքում առաջադրվելու որոշում է կայացրել նաև Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Նա երկար ժամանակ չէր կողմնորոշվում՝ առաջադրվել Գյումրիո՞ւմ' քաղաքապետի թեկնածու Բալասանյանի ընտրատարածքո՞ւմ, թե՞ Ավանում:
Երեկ թերթի հետ զրույցում ասել է, որ կողմնորոշվել է՝ թիվ 1 ընտրատարածքում է առաջադրվելու: Նա ոչ մի ուժի աջակցություն չի ակնկալում, ներկայանալու է որպես անկախ թեկնածու: «Իմ հույսը կապում եմ ժողովրդի հետ»,-եզրափակել է մի քանի ամիս ԲՀԿ-ական եղած քաղաքագետը: «Հրապարակը» հիշեցնում է, որ առաջադրվելու մտադրություն ունի նաև լրագրող Արտակ Եղիազարյանը, ով ապրում է Ավանում:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին