Փաշինյանի չհիմնավորված լավատեսությունն ու «հեռացած գնացքը»
ՎերլուծականՆիկոլ Փաշինյանը իր քայլերում և հայտարարություններում շարունակում է դրսևորել, մեղմ ասած, տարակուսելի և ոչ ստանդարտ վարքագիծ: Թերևս միայն վարչապետը կարող էր առավոտյան մի ողջ ֆրակցիա գործի դնել, ստիպել խախտել գրված և չգրված օրենքները՝ ընդդիմադիր Նաիրա Զոհրաբյանին իր քաղաքական հայացքների համար ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու նպատակով և այդ նույն օրը երեկոյան՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ կոնսուլտացիայի հրավիրել և համագործակցության առաջարկ անել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:
Թե ինչ հույսեր էր փայփայում Փաշինյանը Ծառուկյանին հանդիպման հրավիրելիս՝ միայն կռահել կարելի է, իսկ ինչ վերաբերվում է հանդիպման արդյունքներին՝ դրանք, ավելի քան, սպասելի էին: Դժվար թե Ծառուկյանը, ով դեռ մինչ պատերազմն էր պահանջում Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականը, մտափոխվեր հիմա՝ երբ այդ կառավարության վարած քաղաքականությունը հաշված ամիսների ընթացքում երկիրը հասցրել է անդունդի եզրին: Ծառուկյան-Փաշինյան երեկվա հանդիպումը մեկ անգամ ևս եկավ փաստելու, որ Նիկոլ Փաշինյանի «գնացքը» վաղուց հեռացել է, և որքան շուտ այդ փաստը գիտակցի ինքը` Փաշինյանը, այնքան մեծ կլինի անդունդը գլորվող երկրի ընթացքը կանգնեցնելու հավանականությունը…