20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայում
Հասարակություն
Սեպտեմբերի 5-8-ը Իտալիայի Բոզե վանական համալիրում «Մարդն իբրեւ արարչագործության պահապան» խորագրի ներքո տեղի ունեցավ 20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը, որին մասնակցում էին բազում ներկայացուցիչներ Ուղղափառ, Արեւելյան Ուղղափառ եւ Կաթոլիկ Եկեղեցիներից, ինչպես նաեւ գիտնականներ տարբեր կրթական հաստատություններից:
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կոնֆերանսին մասնակցեց Միլանի հոգեւոր հովիվ Տ. Թովմա աբեղա Խաչատրյանը, որն ընթերցեց Հայոց Հայրապետի օրհնության խոսքը:
«Աստծո անսահման սիրո դրսեւորումն էր արարչագործությունը: Իբրեւ Աստծո պատկերով եւ նմանությամբ ստեղծված բանական էակի՝ Աստված մարդուն զարդարեց Սուրբ Հոգու զանազան շնորհներով եւ մեծ պատասխանատվություն դրեց նրա վրա՝ պահապանը դառնալու ողջ արարչագործության, մշտական խնամք եւ հոգածություն ցուցաբերելու արարչաստեղծ բնության հանդեպ, խելամտորեն եւ զգուշորեն օգտվելու նաեւ բնության բարիքներից։ Արդի մարտահրավերներից է բնության պահպանումը աշխարհի եւ գալիք սերունդների մասին մտահոգությամբ: Ուստի մեծապես կարեւոր է մարդու մեջ արթուն պահել բնության հանդեպ Արարչից նրան տրված պատասխանատվությունը՝ խուսափելու համար երկիր մոլորակին սպառնացող բնապահպանական աղետներից, համատեղ ջանքերով կառուցելու բարօր ու առաջագնա կյանքը համայն մարդկության»,- նշվում է Վեհափառ Հայրապետի խոսքում:
Կոնֆերանսի ընթացքում բանախոսները եւ ներկաները Սուրբ Գրքի եւ հայրաբանական ժառանգության տեսանկյուններից անդրադարձան արարչագործության պատմությանը եւ արդի բնապահպանական խնդիրներին՝ կարեւորելով Եկեղեցիների դերը դրանց հաղթահարման գործում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը