Քաղաքապետը հանդիպել է «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերին
Հայաստան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ի նորանշանակ գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերի հետ:
Ողջունելով և շնորհավորելով նոր պաշտոնավարման առթիվ՝ քաղաքապետն ընդգծել է քաղաքային տնտեսության մեջ կառավարման տեխնոլոգիաների ոլորտում կատարելագործմանն ուղղված բարեփոխումների և նոր ծրագրերի իրականացման կարևորությունն ու համոզմունք հայտնել, որ ընկերության հետ ներկա համագործակցությունը կշարունակվի և էլ ավելի կընդլայնվի՝ նպաստելով Երևանի բնակիչների, ինչպես նաև մայրաքաղաքի հյուրերի համար քաղաքն առավել հարմարավետ դարձնելու ծրագրերին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Երևանի քաղաքապետարանի և մասնավոր հատվածի միջև կան հաջողված համագործակցության օրինակներ, որոնց շրջանակում կյանքի են կոչվել բազմաթիվ ծրագրեր: Ողջունելի է այն փաստը, որ Երևանի քաղաքապետարանի և «Օրանժ Արմենիա» ընկերության միջև համագործակցության արդյունքում ստացված պիլոտային նախագիծը հաջողությամբ իրականացվեց, ինչի արդյունքում Երևանի ավտոբուսների ուղևորներն այսօր արդեն օգտվում են անվճար Wi-Fi ինտերնետից: Այսօր ընկերությունը հանդիսանում է քաղաքապետարանի լավագույն գործընկերներից մեկը»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների և բարեմաղթանքների համար՝ «Օրանժ Արմենիա» ՓԲԸ նորանշանակ գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը բարձր է գնահատել քաղաքապետի պատրաստակամությունը հետագա համագործակցության ուղղությամբ և նշել է, որ ընկերությունը ևս ակնկալում է քաղաքապետարանի աջակցությամբ նոր համատեղ ծրագրեր իրականացնել:
«Գործընկերային այն ավանդույթները, որոնք ձևավորվել են այս տարիների ընթացքում քաղաքապետարանի հետ, հուսով եմ կպահպանվեն, կշարունակվեն և կզարգանան»,- նշել է Ֆրանսիս Ժելիբտերը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև հատկանշել է, որ զարգացող Երևանն այսօր լավ հնարավորություն է ընձեռում ներդրումային ծրագրերի իրականացման համար և քաղաքապետարանն էլ, իր լիազորությունների շրջանակում, պատրաստ է աջակցել և օժանդակել համատեղ նոր ծրագրերի իրականացմանը:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի