Apple ընկերությունը Սան Ֆրանցիսկոյում ներկայացրել է նոր iPhone 5-ը
Աշխարհ
Նոր սմարտֆոնի էկրանն ավելի մեծ է, քան նախորդ մոդելինը, ինչը թույլ է տալիս ավելի շատ ծրագրեր տեղավորել մեկ էկրանի վրա, գրում է BBC Russian-ը։ Միևնույն ժամանակ նոր iPhone-ը 18%-ով ավելի բարակ և 20%-ով ավելի թեթև է, քան iPhone 4S-ը։
Այն ունի տվյալների փոխանցման 4G LTE համակարգ, սակայն չունի NFC-ի հնարավորություն, ինչը թույլ կտար սմարտֆոնն օգտագործել զանազան վճարումներ կատարելու համար։
Apple ընկերությունը միշտ փորձում է գաղտնի պահել մշակման փուլում գտնվող մոդելների մասին տեղեկությունները, սակայն iPhone 5-ը ներկայացնելու նախօրեին համացանցում արդեն բավականին շատ տեղեկություններ կարելի էր գտնել նոր մոդելի մասին, այնպես որ ներկայացման օրը հանրությանը մեծ անակնկալներ չէին սպասում։
Մարքեթինգի գծով Apple ընկերության փոխնախագահ Ֆիլ Շիլլերը, որը ներկայացնում էր նոր iPhone 5-ը, ասաց, որ սմարտֆոնում ծրագրերի աշխատանքն արագացված է։
Շիլլերը նաև խոստացավ, որ մարտկոցի աշխատանքի տևողությունը ևս ավելացված է։
Ներկառուցված տեսախցիկը գրեթե փոփոխություններ չի կրել, սակայն արդեն ունի համայնապատկերներ նկարահանելու հնարավորություն և ավելի լավ է աշխատում թույլ լուսավորության պայմաններում։
Նոր հեռախոսները վաճառքի կհանվեն սեպտեմբերի 21-ին ԱՄՆ-ում, Բրիտանիայում, Ավստրալիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հոնգ Կոնգում, Ճապոնիայում և Սինգապուրում։ Սեպտեմբերի 28-ին այս ցուցակին կմիանան նաև այլ պետություններ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ