Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են
ՀայաստանՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 8-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Արթիկի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Սիսիանի, Գորիսի, Հրազդանի, Մարտունիի, Վանաձորի, Թումանյանի, Ճամբարակի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։
Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Գորիսի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։
Ապարան-Քուչակ ավտոճանապարհին և Ճամբարակի լեռնանցքում բուք է։
Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։