ՀՀ ուսանողները մագիստրոսական կրթություն կստանան Հորդանանի բուհերում. ԿԳՄՍՆ
Գիտություն և ՄշակույթՀորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով 2021-2022 ուսումնական տարվա համար այդ երկրի կառավարության հատկացրած կրթաթոշակային տեղերի հաշվին ՀՀ 6 քաղաքացի կմեկնի Հորդանան:
Քաղաքացիները Հորդանանի բուհերում մագիստրոսական կրթություն կստանան «Արաբերեն լեզու (քաղաքագիտություն)», «Լեզվաբանություն», «Կոնֆլիկտաբանություն», «Արաբագիտություն (լեզվաբանություն)» և «Միջազգային հարաբերություններ (դիվանագիտություն)» մասնագիտությունների գծով:
Արաբերեն լեզվի մեկամյա դասընթացներին մասնակցելու նպատակով Հորդանանի Հաշիմյան Թագավորություն կգործուղվի ՀՀ 15 քաղաքացի:
Գործուղման համար հիմք են հանդիսացել «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման կարգը», «ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարության միջև կրթության, գիտության և տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության մասին 2015-2020 թթ. համար» փոխանակման ծրագիրը, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի որոշումը: