2024 թ. Հայաստանը հյուրընկալելու է ՎԶԵԲ տարեկան ժողովը. Տիգրան Ավինյան
Հայաստան2024 թ. Հայաստանը հյուրընկալելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովը՝ տեղեկացրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում:
«Տարեկան ժողովի շրջանակներում ավանդաբար կայանում են հատուկ ներդրումային նիստեր (investment outlook session), որտեղ երկրները ներկայացնում են իրենց ներդրումային հնարավորությունները։
Միջոցառումը գործարար համայնքի համար լավ հնարավորություն է ֆինանսական ու կորպորատիվ ընկերությունների գործադիր ղեկավարների, բարձրաստիճան պետական պաշտոնյաների և այլ ոլորտների՝ ավելի քան 2000 ներկայացուցիչների հետ նոր կապեր հաստատելու տեսանկյունից:
Միջոցառման ընթացքում ակտուալ թեմաների շուրջ բարձր մակարդակի երկխոսություն է ծավալվում, և որոշումներ են կայացվում Բանկի զարգացման ռազմավարության շուրջ:
Ըստ պայմանավորվածության՝ Հայաստանը պետք է հյուրընկալեր ժողովը 2021 թ., սակայն, հաշվի առնելով, որ այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով ՎԶԵԲ կառավարիչների խորհուրդը որոշում է կայացրել այն անցկացնել առցանց, արդյունքում՝ Երևանում տարեկան ժողովը կկայանա 2024 թ.»,- գրել է նա: