Կայացել է «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ փորձագետների հանդիպումը
ՏնտեսությունԱպրիլի 19-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի նախագիծը բանակցելու նպատակով փորձագետների 5-րդ հանդիպումը՝ առկա և հեռավար ձևաչափերով։ Հանդիպմանը մասնակցեցին Հայաստանի Հանրապետության, Բուլղարիայի Հանրապետության, Վրաստանի, Հունաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունները։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։
Պատվիրակությունները շնորհակալություն հայտնեցին Հայաստանի Հանրապետությանը հանդիպման կազմակերպման և արդյունավետ քննարկումներ անցկացնելու հնարավորության համար։ Մասնակից հինգ պետությունների պատվիրակները վերահաստատեցին իրենց հետաքրքրվածությունը համաձայնագրի մշակման և ստորագրման վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց համաձայնագրի նախագծի շուրջ նախորդ հանդիպմանը չհամաձայնեցված դրույթներին: Ստորագրվեց արձանագրություն, որով նախատեսվում է «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի նախագիծը և քննարկումներն ավարտին հասցնելու նպատակով փորձագետների մյուս հանդիպումն անցկացնել Բուլղարիայի Հանրապետությունում։