ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Արծվին Գրիգորյանի թաղման կառավարական հանձնաժողով
Հասարակություն
Հայ ճարտարապետությունը մեծ կորուստ կրեց. 77 տարեկան հասակում երկարատև ու ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացավ Հայաստանի վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր, Ճարտարապետների միջազգային ակադեմիայի մոսկովյան բաժանմունքի ակադեմիկոս, Ռուսաստանի Դաշնության ճարտարապետության և շինարարության արտասահմանյան անդամ, Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր, 1989թ. ԽՍՀՄ Գերագույն խորհրդի դեպուտատ, 1974-1992թթ. Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Արծվին Գրիգորյանը:
Արծվին Գրիգորյանը ծնվել է 1935թ. Թբիլիսիում: 1958թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժինը: 1959թ. աշխատել է «Երևան նախագիծ» ինստիտուտում: Նրա կողմից մշակվել են Հրազդանի կիրճի բարեկարգման, Երևանյան լճի և նրա շրջակայքի բարեկարգման, Երևան քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանման սխեման, Երևանի Արաբկիր 1 և Նոր-Արեշ 1 թաղամասերի մանրամասն հատակագծման նախագծերը: Հեղինակ է «Современная архитектура Армении», «Архитектура Советской Армении», «Ландшафт современного города» գրքերի:
Նախագծման աշխատանքներին զուգահեռ Ա.Գրիգորյանը վարում էր ակտիվ հասարակական ու պետական գործունեություն:
1981-1986թթ. նա զբաղեցրել է ՀՍՍՀ-ի պետշինի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը: 1974-ից մինչև 1992թ. գլխավորել է Հայաստանի ճարտարապետների միությունը, 1975-1992թթ. ԽՍՀՄ ճարտարապետների միության անդամ էր:
Երկար տարիներ դասավանդել է Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանում՝ նաև ղեկավարելով ճարտարապետության ֆակուլտետի քաղաքաշինության ամբիոնը:
Հանձնաժողովը տեղեկացնում է, որ Արծվին Գրիգորյանի քաղաքացիական հոգեհանգիստը կկայանա Ճարտարապետի տանը՝ (Բաղրամյան 17) սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00-ին, հուղարկավորությունը՝ նույն հասցեից, նույն օրը, ժամը՝ 14.00-ին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը