«Հրապարակ». ԲՀԿ–ն կսատարի՞ նախկին ՕԵԿ–ականին
Հայկական Մամուլ
ԲՀԿ Աշտարակի տարածքային կառույցը, «Հրապարակի» տեղեկություններով, հանգստյան օրերին ժողով է հրավիրել և որոշում կայացրել Աշտարակի քաղաքապետի սեպտեմբերի 23-ի ընտրություններում պաշտպանել նախկին ՕԵԿ-ական, այժմ անկուսակցական Ռազմիկ Տերտերյանի թեկնածությունը:
Թերթը հիշեցնում է, որ օրեր առաջ ԲՀԿ թեկնածուն ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել: Այս պահի դրությամբ մնացել են 3 թեկնածու, և գլխավոր պայքարն ընթանալու է անկուսակցական գործարար Ռ. Տերտերյանի և ՀՀԿ-ական Արմեն Անտոնյանի միջև: Երեկ թերթը փորձել է տեղեկությունը ճշտել ԲՀԿ-ական պատգամավոր, ծնունդով Արագածոտնի մարզից Արագած Ախոյանից, ով հայտնել է, թե ինքը նման ինֆորմացիա չունի:
«Գուցե նման որոշում է ԲՀԿ տարածքային կառույցն ընդունել, թող սատարեն»,- ասել է Ախոյանը, ով կողմ չէ «վերևներից» միջամտությանը ՏԻՄ ընտրություններին:
«Ի վերջո պետք է թողել համայնքի բնակիչների ազատ ընտրությանը, որ հետո չբողոքեն ասեն՝ լավ չեն ղեկավարում», ասել է Ախոյանը:
Պատգամավորին անհայտ է նաև` ԲՀԿ-ական թեկնածուի ինքնաբացարկ հայտնելը: Հատկանշական է, որ ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրություններում Աշտարակում մոտ 2 հազար ձայնով հաղթել է ՀՀԿ-ին:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին