Վարդան Այվազյանին պատգամավորական մանդատից զրկելու պահանջ
Հասարակություն
Facebook սոցիալական ցանցում ստեղծվել է Վարդան Այվազյանի գործունեությունը քննելու ու պատգամավորական մանդատից զրկելու պահանջով էջ։ Էջը նախատեսված է ստորև բերված պահանջագիրը ստորագրելու համար: Այս էջին միանալը (join event) նշանակում է ստորագրել պահանջագիրը.
«Հայաստանի մի շարք հասարակական կառույցներ և հետաքննող լրագրողներ բազմիցս ահազանգել են Հայաստանի բնական պաշարների շահագործման անօրինականությունների, այդ թվում` հանքարդյունաբերության ոլորտում խոշորամասշտաբ չարաշահումների մասին, որոնք տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախկին նախարար, ներկայում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի պաշտոնավարման տարիներին: Սակայն ո՛չ երկրի քաղաքական ղեկավարությունը, ո՛չ էլ իրավապահ մարմինները հետամուտ չեն եղել դրանց բացահայտմանն ու կանխմանը` փաստացիորեն հովանավորելով կոռուպացված պաշտոնյայի գործունեությունը եւ բարգավաճումը: Մասնավորապես, իրավապահ մարմինները հանցակազմ չեն տեսել Վ.Այվազյանի կողմից իր բազմաթիվ հարազատներին ընդերքի շահագործման լիցենզիաներ բաշխելու գործում: Իսկ կուսակցական ղեկավարությունը, արձագանքելով Վ.Այվազյանի անօրինական գործունեությունը բացահայտող բազմաթիվ հոդվածներին, նրան պարգևատրել է`նշանակելով Ազգային ժողովի նորաստեղծ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, ի թիվս այլ հարցերի`մշակելու բնական պաշարների կառավարմանն առնչվող օրենսդրությունը:
Դեռևս 2006-ին «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության դուստր ընկերություններից մեկը, որը Հանքավանի հանքավայրի լիցենզառուն էր, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի կողմից ենթարկվել էր կոռուպացված և ոչ պատշաճ պահանջների և արդյունքում վերջինիս պատճառով կորցրել Հանքավանի հանքավայրի նկատմամբ հսկողությունը։ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերությունը դիմել էր Փարիզում տեղակայված Միջազգային արբիտրաժային դատարան եւ Միացյալ Նահանգների Նյու Յորքի հարավային շրջանի դաշնային դատարան, որոնք կայացրել էին որոշում՝ Այվազյանից պահանջելով ներկայանալ դատարան որպես պատասխանող կողմ: Չհասնելով տվյալ պահանջի կատարմանը, ի վերջո, օրերս Նյու Յորքի հարավային շրջանի Դատական ակտերի կատարման ծառայությունը կատարման է տրամադրել Կատարողական թերթ' Վ.Այվազյանից բռնագանձել 37.5 մլն դոլար' հօգուտ Գլոբալ Գլոդ Մայնինգ ընկերության: Այդ դատավճիռն, ինքնին, հանդիսանում է ապացույց նախարար Այվազյանի կոռումպացված գործունեության, ինչը տարիներ շարունակ հովանավորել են Հայաստանի իշխանություններն ու իրավապահ մարմինները:
Վ. Այվազյանի անօրինական գործունեության արդյունքում ծանր հարված է հասցվել ինչպես Հայաստանի բնական պաշարների կառավարմանն ու տնտեսությանը, այնպես էլ' մեր երկրի միջազգային հեղինակությանը: Մենք' Հայաստանի Հանրապետության ներքոստորագրյալ քաղաքացիներս, գտնում ենք, որ այսուհետ անթույլատրելի է Վարդան Այվազյանի հետագա պաշտոնավարումը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության բարձրաստիճան պաշտոններում:
Միացե՛ք:
Պահանջում ենք ՀՀ իշխանություններից.
1. ՀՀ Ազգային ժողովին` ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով՝ Վարդան Այվազյանի կողմից բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին հանքարդյունաբերության ոլորտում տեղի ունեցած բոլոր տեսակի չարաշահումների վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու համար:
2. ՀՀ ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովին` քննության առնել Վարդան Այվազյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը` դրանով իրավապահ մարմիններին հնարավորություն ընձեռելով անկաշկանդ հետաքննություն վարել Վարդան Այվազյանի անօրինական գործունեության վերաբերյալ:
3. ՀՀ գլխավոր դատախազությանը' նյութեր պատրաստել եւ քրեական հետապնդում սկսել Վարդան Այվազյանի դեմ՝ նրա պաշտոնավարման ընթացքում առկա չարաշահումների շուրջ:
4. ՀՀ պետական եկամուտների կոմիտեին' հրապարակային հաշվետվություն ներկայացնել՝ Վ. Այվազյանի պետական պաշտոն զբաղեցնելու տարիներից առ այսօր վերջինիս ու նրա մերձավոր հարազատների ունեցած եկամուտների եւ գույքային դրության մասին:
5. ՀՀ իրավապահ մարմիններին` ամբողջ ծավալով վերականգնել Վարդան Այվազյանի անօրինական գործունեության հետեւանքով պետությանը պատճառված վնասը: Պետությանը վերադարձնել Վարդան Այվազյանի կողմից իր ազգականներին նվիրաբերած հանքավայրերը (Հրազդանի, Աբովյանի, Սվարանցի եւ այլ հանքավայրեր):
6. ՀՀ կառավարության համապատասխան կառույցներին` վերանայել նրա պաշտոնավարման ընթացքում պետության եւ տնտեսվարողների միջեւ հանքարդյունաբերության ոլորտում կնքված բոլոր պայմանագրերը:
7. ՀՀ իրավապահ մարմիններին`արգելել Վարդան Այվազյանի ելքը Հայաստանից՝ մինչեւ նրա նկատմամբ իրականացվող քննության լիակատար ավարտը»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը