Տնտեսությունն աճի նշաններ է ցույց տալիս. երկնիշ աճ է գրանցվել շինարարությունում, արդունաբերությունում. Թունյան
ՏնտեսությունՏնտեսությունն աճի նշաններ է ցույց տալիս: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այսպես.
ՏԱՑ-ը (տնտեսական ակտիվության ցուցանիշը) ամսական կտրվածքով՝ 2021 թվականի ապրիլին՝ 2020 թվականի ապրիլի համեմատ, աճել է 23.2%-ով։
աճողական՝ 2021 թվականի հունվար-ապրիլին՝ 2020 թվականի հունվար-ապրիլի համեմատ, աճել է 2.6%-ով։
Ամենից շատ աճել է շինարարությունը՝
ամսական կտրվածքով (ապրիլը նախորդ տարվա ապրիլի համեմատ)՝ 87.7%, ժամանակահատվածի կտրվածքով (հունվար-ապրիլը՝ նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ)՝ 20.3%:
Այս տարվա ապրիլին ամսական կտրվածքով երկնիշ աճ է գրանցվել նաև արդյունաբերության, առևտրի և ծառայությունների ոլորտներում, ինչպես նաեւ արտահանման գծով:
Ապրիլյան այս բարձր ցուցանիշները հիմնականում պայմանավորված են 2020 թվականի ապրիլի լոքդաունով և տնտեսական ակտիվության շեշտակի անկմամբ։ Այդուհանդերձ, այս ապրիլի ցուցանիշները փաստացի վկայում են այն մասին, որ տնտեսությունը սկսվում է վերականգնվել կորոնավիրուսային ճգնաժամից»։