Բժշկական գիտությունների դոկտոր Հովհաննես Սարուխանյանին շնորհվեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում
Գիտություն և ՄշակույթԵրևան քաղաքի ավագանին որոշեց առողջապահական համակարգում ներդրած նշանակալի ավանդի համար բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, պատվավոր պրոֆեսոր Հովհաննես
Սարուխանյանին շնորհել «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչ Հովհաննես Սարուխանյանը նման կոչման է արժանանում նաև բժշկագիտության ոլորտում երկարամյա գիտամանկավարժական գործունեության և ունեցած ձեռքբերումների համար:
«Հովհաննես Սարուխանյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի, Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահ Մուշեղ Միրիջանյանի և Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանի կողմից: Երկար տարիներ Հովհաննես Սարուխանյանը զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարության վիրաբուժության գլխավոր մասնագետի պաշտոնը: Մեծ ավանդ ունի Արցախյան պատերազմի և Սպիտակի երկրաշարժի պատճառով տուժած անձանց աջակցելու և օգնելու առումով»,- նշեց զեկուցող Արմինե Վարդանյանը:
Որոշումն ընդունվեց միաձայն՝ 34 «կողմ» ձայներով: