«Էլնոր» ձեռնարկությունը պարզաբանում է. ընկերությունը մեղավոր չէ
Հասարակություն
Երկու օր առաջ երիտասարդների մի խումբ նախաձեռնել է մաքրել Կարմիր բլուրի տարածքը և թանգարանային գոտին ազատել աղբից: Երբ նրանք ավարտել են իրենց գործը, հնավայրին է մոտեցել մի բեռնատար և աղբը թափել մաքրված վայրում։ Ինչպես նկատել են երիտասարդները, աղբը «Էլնոր» ձեռնարկության թափոնն է եղել:
Lurer.com-ը զրուցեց «Էլնոր» ձեռնարկության մարկետինգի գծով փոխտնօրեն Պավել Ղարաքեշիշյանի հետ՝ պարզելու, թե ինչու է ընկերության աղբը թափվում ոչ համապատասխան վայրում։
«Ընկերությունը որևէ կապ չունի տվյալ աղբակույտի գոյացման հետ։ Մեր գործարանային աղբահեռացումը կատարվում է բացառապես վարչական շրջանի համապատասխան ծառայության կողմից, որի համար մենք վճարում ենք. արտադրական աղբը թափվում է օրենքով սահմանված քաղաքային աղբավայրում։ Տվյալ աղբակույտում «Էլնորի» գործարանային որևէ արտադրական աղբ չի եղել»,- ասաց վերջինս և պարզաբանեց. «Աշխատանքային փորձաշրջան անցնող անբարեխիղճ աշխատակիցը փորձել է ազատվել իրեն ամրագրված մեքենայում առկա գովազդային պաստառներից, որը պետք է փակցներ խանութներում՝ ոչ թե դեն նետեր։ Փաստորեն, այդ անձը խախտում է արել ոչ միայն հասարակության, նաև մեր ձեռնարկության հանդեպ, քանի որ մեր գումարով պատրաստված գովազդային պաստառները թափել է։ Եթե ուշադիր դիտեք, կնկատեք, որ այդ աղբը ընդհանրապես կապ չունի «Էլնոր»-ի արտադրական աղբի հետ։ Ընկերության կողմից քաղաքում որևէ արտադրական աղբ չի թափվում։ Նա անբարեխիղճ քաղաքացի և աշխատակից է եղել»։
Աշխատակիցն արդեն հեռացվել է աշխատանքից։
«Էլնոր» ընկերությունը ողջունում է «Հայաստանն առանց աղբի շարժումը»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը