Օբամայի և Էրդողանի հեռախոսազրույցը
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Օբաման երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում քննարկել է տարածաշրջանային և համաշխարհային խնդիրներ. տեղեկացնում է Hurriyet-ը`հղում անելով Սպիտակ տանը: Օբաման գովել է Էրդողանի «առաջատարությունը» վերջինիս կոչերի համար՝ դիմակայել սադրանքներին կատաղի ցույցերի ուժեղանալու ֆոնին, որոնց բռնկման պատճառն է հանդիսանում ԱՄՆ-ում ստեղծված հակաիսլամական ֆիլմը, որը տարածում է գտել համացանցում:
Երկու առաջնորդները հեռախոսով զրուցել են շուրջ 40 րոպե. Օբաման իր ցավակցություններն է հայտնել թուրքական զորքի պահակախմբի վրա մահացու հարձակման կապակցությամբ, որը տվել է 10 զոհ և 70 վիրավոր: Էրդողանն էլ իր հերթին ցավակցություն է հայտնել ԱՄՆ-ի դեսպան Քրիս Սթիվենսի կորստի կապակցությամբ Բենգազիում ԱՄՆ հյուպատոսարանի վրա հարձակումից հետո: Թուրքիայի վարչապետը քննադատել է կատաղի ցույցերը, ասելով, որ որևէ կրոնի նկատմամբ վիրավորանքը չի արդարացնում մարդկանց վրա հարձակվելու փաստը: Միաժամանակ, նա կոշտ քննադատության է ենթարկել ֆիլմը, ասելով, որ Մուհամմեդ մարգարեին վիրավորելը «չի կարող դիտարկվել խոսքի ազատության շրջանակներում»:
Օբաման և Էրդողանը իրենց խոսակցության ընթացքում վերահաստատեցին միասին աշխատելու անհրաժեշտությունն ընդդեմ «ցանկացած տեսակի ահաբեկչության»՝ անդրադառնալով նաև Սիրիայում աճող բռնության հարցին: Երկուսն էլ իրենց անհանգստությունն են արտահայտել բռնության գործադրման հետ կապված՝ մատնանշելով շտապ փոփոխության անհրաժեշտությունը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ