Գարեգին Բ-ն ընդունել է Բուենոս Այրեսի Մխիթարյան վարժարանի և Ավստրալիայի Համազգային ճեմարանի սաներին
ՀասարակությունՍեպտեմբերի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուենոս Այրեսի Մխիթարյան վարժարանի և Ավստրալիայի Համազգային «Արշակ և Սոֆի Գոլսդն» ճեմարանի սաներին:
Վեհափառ Հայրապետն ակնածանքով ողջունեց Արգենտինայի և Ավստրալիայի հայկական դպրոցների սաներին՝ նշելով, որ գեղեցիկ ավանդույթ է դարձել ամեն տարի Հայաստան և Մայր Աթոռ ուխտագնացություն կազմակերպելը:
Իր խոսքում Նորին Սրբությունը սփյուռքահայ երիտասարդների կյանքում կարևորեց Հայրենիք այցելությունների դերակատարությունը, քանի որ դրանց շնորհիվ հայորդիները հաղորդ են դառնում հայրենի իրականությանը, իրենց աչքերով տեսնում հոգևոր-ազգային այն արժեքները, որոնց մասին սովորել են դպրոցում:
Ամենայն Հայոց Հայրապետի համոզմամբ՝ հայրենի արժեքների հետ անմիջական հաղորդակցությունը ամրացնում է սաների ազգային ոգին, գիտակցությունն ու նախանձախնդրությունը՝ շարունակելու ապրել որպես հայ ազգի զավակ:
Հանդիպման ավարտին Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց երկու դպրոցների մանկավարժներին, հոգաբարձուներին և ղեկավարներին՝ հաստատություններում կրթության որակը բարձր պահելու նախանձախնդրության և սաներին հայեցի դաստիարակելու համար:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը