Անկախությունն ինձ համար սեփական ազատության գիտակցումն է. Զառա Հովհաննիսյան
Հասարակություն
«Անկախությունն ինձ համար առաջին հերթին սեփական ազատության գիտակցումն է, երբ դու զգում ես քո մարմինը, պատասխանատու ես քո գործողությունների համար, կարող ես բացատրել ու վերահսկել քո գործողություններից բխող հետևանքներն ու դրանից սկիզբ առնող գործընթացների տրամաբանական ընթացքը»։ Այս մասին Լուրեր.com–ի հետ զրույցում ասաց քաղաքացիական ակտիվիստ, գրող–հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը:
«Եթե ընկալենք, որ երկիրն էլ մի մարմին է, հանրային տարածք, որն ունի սահմաններ, որոնք պետք է պաշտպանվեն, բնակչություն, որի ապրելակերպը պետք է կանոնակարգվի հանրային պայմանագրի՝ Սահմանադրության հաստատած խաղի կանոններով ու սկզբունքներով, ռեսուրսներ, որոնք պետք է բաշխվեն հօգուտ հանրային բարօրության, այլ ոչ խմբային որոշակի շահեր սպասարկեն, այդ տեսանկյունից մենք ունենք շատ խոցելի անկախություն, չգիտակցված, չհստակեցված արժեհամակարգով անկախություն:
Ազատ, անկախ Հայաստան, էդպիսի բան չկա, չի եղել դեռ, նոր է լինելու: Մենք դեռ 25 տարի է ազատագրման ճանապարհ ենք անցնում, պտտվում ենք այդ գաղափարի շուրջ, ուղղակի հռչակել ենք ցանկությունը, իղձն ու երազանքը: Այդ իսկ պատճառով միայն հռչակագիրն է, որ որպես փաստաթուղթ վայելում է հանրային վստահություն: Սահմանադրությունը դեռ չի ընկալվում որպես հանրային պայմանագիր ու նոր ապրելակերպի ուղեցույց, իսկ «Ազատ, անկախ Հայաստան» ձևակերպումն էլ միտինգային կարգախոս է, որն ընկալվում է բաղձալիի տիրույթում:
Անկախացման ճանապարհին թե մենք ուր կհասնենք, կախված է մեր ազատության զգացողության հստակեցումից: Եթե վերջապես գիտակցվի, որ մարդու, ամեն մարդու համար մեծագույն արժեքը ո՛չ փողն է, ո՛չ պաշտոնը, այլ ազատությունն է, կլինի մարդկանց, քաղաքացիների մի խումբ, ովքեր դա կգիտակցեն, ձեռք կբերեն ոչ թե ունեցվածք, ջիփեր, կալվածքներ, այլ անկախություն: Անկախությունը ճախրանքի ու թռիչքի զգացողությունն է, երբ դու քո մարմնի, քո կյանքի ու որոշումների տերն ես»:
Ներկայացնենք նաև Զարա Հովհաննիսյանի «Դու ազատ կլինես իմ երկիր» բանաստեղծությունը։
Դեմքս ծածկվել է պեպեններով
մարմինս դարձել բրոնզագուն՝
արևի տակ անցկացվող
շարունակական ակցիաներից,
բայց ոչինչ, գիտեմ, որ
Դու ազատ կլինես, իմ երկիր։
Ոտնաթաթերս կոշտուկներով են պատված,
կրունկներս ճաքճքել են՝
քաղաքով շրջող երթերից,
և ես քայլում եմ դեպի ապագան, երբ
Դու ազատ կլինես, իմ երկիր։
Վաղուց մոռացել եմ կանացի զգեստներս,
դրանք կախված են պահարանում,
իսկ միակ հագուստս ջինսերն են,
որոնք գրեթե չեմ հանում,
ու մոտեցնում եմ այն օրը, երբ
Դու ազատ կլինես, իմ երկիր։
Փափուկ անկողինս չի ձգում,
աչքերս փակվում են համակարգչի առջև,
ու գրում եմ ազատագրող տեքստեր՝
վառվելով տեսիլքով հրեղեն, որ
Դու ազատ լինես, իմ երկիր։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը