Կարևոր հարցերում կարող ենք լինել միասնական. Էդուարդ Շարմազանով
Հասարակություն
«Մեր հիմնական ձեռքբերումը սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքն է։ Մենք նվաճել ենք մեր անկախությունը և այն երջանիկ սերունդն ենք, որ իրավունք ունի ապրել և վայելել անկախ Հայաստանը։
Երկրորդ ձեռքբերումը մեր զինված ուժերն են, որոնք արդեն իրենց մարտունակությունն ապացուցել են ղարաբաղյան ազատամարտում։
Երրորդը մեր պետական ժողովրդավարական ինստիտուտն է։ Փաստ է, որ տարիների ընթացքում Հայաստանը լուրջ քայլ է կատարել խորհրդային միակուսակցական համակարգից դեպի ժողովրդավարություն։
Չորրորդը անկախ մամուլն է՝ (Շնորհավորում է մամուլի ներկայացուցիչներին), այս իմաստով Հայաստանն ավելի առաջ է անցել, քան ևրոպական որոշ երկրներ։ Մենք խոսքի ազատության որևէ սահմանափակում չունենք և ինքներս տեսնում ենք դա։
Հինգերորդը՝ անկախ քաղաքացիական ինստիտուտներն են, որոնք օր օրի ավելի են ակտիվանում և դրանց դերակատարումն ավելի է բարձրանում 21-րդ դարում»։
Լուրեր.com–ի հետ զրույցում անկախության վերաբերյալ իր կարծիքն այսպես ձևակերպեց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Ըստ Էդուարդ Շարմազանովի`մեր հիմնական բացթողումն ու թերացումն այն է եղել, որ տարբեր կուսակցություններ, տարբեր կուսակցական գործիչներ և ղեկավարներ չեն կարողանում ապրել ընդհանուր վերմակի գաղափարով և ամեն մեկը վերմակն իր կողմն է քաշում։
«Մենք բոլորս մեկ նավի անդամներ ենք, մենք բոլորս անկախ Հայաստանի քաղաքացիներ ենք։ Անկախ կուսակցական պատկանելիությունից` կան հարցեր, որտեղ մենք կարող ենք լինել միասնական։ Հենց այս գաղափարի պակասն է եղել, որ մենք որոշակի փուլերում ոչ միասնական դիրքորոշում ենք ցուցաբերել։ Համոզված եմ, որ մենք այլևս նման թերացումներ և խախտումներ թույլ չենք տա. դրա վառ ապացույցն են Ռամիլ Սաֆարովի հետ կապված վերջին իրադարձությունները, որտեղ շատերս միասնական դիրքորոշում ցուցաբերեցինք։ Նույն Ազգային ժողովը մեկ ընթերցումով ընդունեց այդ հայտարարությունը։ Չնայած տարբեր մեկնաբանությունների`ի պատիվ այլ կուսակցությունների`մենք կարողացանք ապացուցել ինքներս մեզ և աշխարհին, որ կարևոր հարցերում կարող ենք լինել միասնական»,-ասաց ԱԺ փոխնախագահը և հավելեց. Մենք պետք է գիտակցենք, որ այնպիսի փառահեղ մարդիկ, ինչպիսիք են Սիմոն Զավարյանը, Քրիստափոր Միքայելյանը, Նիկոլ Դումանը, Գևորգ Չաուշը, պայքարել են ազգի համար, իրենց կյանքն են նվիրաբերել, բայց անկախ Հայաստան չեն տեսել և մեզ է բախտ վիճակվել ապրել անկախ Հայատանում, այդ իսկ պատճառով պետք է յուրաքանչյուրս մեր ոլորտում պարկեշտ ծառայենք մեր հայրենքին և հասկանանք, որ կա ազգային գաղափարախոսություն, կա հայրենիք և, ինչպես Նժդեհն էր ասում, կա երկու ճշմարտություն՝ Աստված և Հայրենիք. այս իմաստով պետք է ծառայենք այդ երկու ճշմարտություններին։
Նելլի Ավետիսյան


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը