Ալլա Լևոնյան. Ուզում եմ ապրել ազատ, անկախ ու հարուստ երկրում
Հասարակություն
Ինչպե՞ս է նշում ՀՀ անկախության 21-ամյակը «Հայաստան», «Գնա՛ու կռվի՛ր», «Սպարապետ» և հայրենասիրական թեմայով մի շարք այլ երգերի կատարող երգչուհի Ալլա Լևոնյանը, ի՞նչ խորհորդ ունի այս տոնը նրա համար: Այս հարցերի պատասխանը Lurer.com-ը պարզեց հենց իրենից`երգչուհուց:
-Ինչպե՞ս եք սկսել Ձեր օրը, և ինչպե՞ս եք պատրաստվում այն անցկացնել:
-Առավոտյան շնորհավորել եմ ամուսնուս: Առհասարակ շատ եմ ուզում, որ մեր ընտանիքներում մտնի այդ կուլտուրան, մեր մեջ մտնի այն հավատը, որ այսօր տոն է: Ու ինչպես Ապրիլի 7-ին, Ամանորին ենք միմյանց շնորհավորում, այնպես ել այսօր դա անենք:
Առավոտյան արդեն հասցրել եմ հյուրընկալվել հեռուստաընկերություններից մեկում, երգել: Սիրում եմ երբ նման տոներին ինձ հրավիրում են:
Իսկ հենց այս պահին ընկերուհուս հետ միասին նշում ենք այս տոնը, դիտում ենք հեռուստաընկերություններով հեռարձակվող բոլոր միջացառումները այսօրվա հետ կապված, ինչպես նաև այս ամենը համեմում ենք հեռուստատեսությամբ հնչող երգերով:
Իսկ երեկոյան Հանրապետության հրապարակում համերգ է կազմակերպված անկախության տոնի 21-րդ տարելիցի արթիվ, որտեղ ելույթ է ունենալու Յանիի նվագախումը, և նրանց հետ նույն բեմում ելույթ ունեցող եզակի երգիչներից մեկը ես եմ լինելու:
-Հայրենասիրության թեմայով ո՞ր երգերն են այսօր հատկապես առանձնանում Ձեզ համար:
-Բոլորն էլ շատ եմ սիրում, երևի միայն կառանձնացնեմ Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր» երգը և պիտի խոստովանեմ, որ այսօր սիրով լսում եմ նաև իմ երգացանկից «Գնա՛ ու կռվի՛ր»-ը:
Իդեպ, պետք է նկատել, որ վերջին տարիներին այս տոնի արթիվ «Շարմ» ընկերության կողմից նկարահանվող տեսահոլովակներն ավելի ամբողջացնում են տոնի խորհուրդը:
Չի կարելի չընդունել, որ երգերն ավելի մատչելի են հոգուն՝ անկախ տարիքից: Գուցե այս կամ այն շնորհավորանքը կամ ելույթը երեխան չընկալի: Բայց երգը բոլորին է հասանելի:
-Ամենատպավորիչ անկախության տոնը…
Ամենահիշարժանը հենց առաջին տարին էր, երբ մեր երկիրը անկախացել էր: Կարծում եմ` իմ հասակակիցներից շատերի մեջ է դաջվել այդ տարեթիվը: Վերջապես անկախ էինք, ազատ, ուրախ և բարձր տրամադրությամբ:
-Ձեր ցանկությունը…
Ուզում եմ, որ ապրենք ազատ, անկախ ու հարուստ երկրում: Որ մարդկանց դեմքին բավարարության ժպիտ հայտնվի: Այլևս չլինեն դժգոհ և տխուր դեմքեր, որ բոլորս լիաթոք վայելենք այս տոնը:
Ռ.Հակոբյան


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը