Շենթոփը հերքել է Ադրբեջանի հետ թյուրքական բանակ ստեղծելու մասին հայտարարությունները
ԹուրքիաԹուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, որ ինքը չի խոսել համատեղ թյուրքական բանակ ստեղծելու վերաբերյալ Բաքվի և Անկարայի միջև բանակցությունների մասին, դեռևս անցկացվում են միայն երկու երկրների համատեղ զորավարժություններ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը նույնպես հայտարարել է, որ Շենթոփը նման հայտարարություն չի արել և որ նրա խոսքը սխալ են փոխանցել:
Մասնավորապես, պատասխանելով համատեղ թյուրքական բանակի հնարավոր ստեղծման մասին հարցին՝ Թուրքիայի մեջլիսի նախագահը պատասխանել է. «Մենք շատ համաձայնագրեր ենք կնքում Ադրբեջանի և Թուրքիայի միջև, այդ թվում և պաշտպանական արտադրության ու ռազմական աջակցության վերաբերյալ: Այդ համաձայնագրերի շրջանակում մեծ աշխատանք է տարվում, այդ թվում և՝ համատեղ զորավարժություններ: Սակայն մեր հիմնական կարգախոսն է, ինչպես ասել էր Հեյդար Ալիևը, «մեկ ազգ, երկու պետություն»: Այս ուղղությամբ մեծ աշխատանք է տարվում»: