Էկվադորն առաջարկում է Ասանժին տեղափոխել Շվեդիա իր հովանավորությամբ
Աշխարհ
Էկվադորի ԱԳ նախարար Ռիկարդո Պատինոն չի բացառել, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը կարող է հաստատվել Շվեդիայում, սակայն միայն Էկվադորի դիվանագիտական պաշտպանության ներքո: Այս մասին Պատինոն հայտարարել է սեպտեմբերի 21-ին, ինչպես տեղեկացնում է AFP-ն: Այդ միջոցով, ըստ Պատինոյի, կպահպանվեն շվեդական արդարադատության պահանջները և միաժամանակ կապահովվի Ասանժի անվտանգությունը:
Ավելի Վաղ Պատինոն հայտարարել էր, որ Ասանժը կարող է ուղևորվել Ստոկհոլմ, եթե Լոնդոնը համաձայնի նրան տալ գրավոր երաշխիքներ, ըստ որի՝ Շվեդիայից վերջինս էքստրադիցիայի չի ենթարկվի որևէ այլ երրորդ երկիր:
Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքում է գտնվում հունիսի 19-ից, անմիջապես այն բանից հետո, երբ դիմել էր Էկվադորի իշխանություններին՝ քաղաքական ապաստան ստանալու հարցով: Նա այդ քայլին էր դիմել, երբ տանուլ էր տվել բոլոր գործընթացները Մեծ Բրիտանիայից Շվեդիա էքստրադիցիայի ենթարկվելու գործով: Սկանդինավներում նրան պատրաստվում են հարցաքննել բռնաբարության և սեռական ոտնձգությունների մեղադրանքով:
Ինքը՝ Ասանժը, կարծում է, որ Շվեդիան կարող է իրեն հանձնել ԱՄՆ-ին, որտեղ նրան մահապատիժ է սպառնում Պենտագոնին և պետական դիվանագիտությանը վերաբերող գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար: Պաշտոնական Վաշինգտոնը մերժում է այդ կասկածները:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ