Հայ-հնդկական տնտեսական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ․ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հնդկաստանի դեսպանին
ՏնտեսությունՖինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին:
Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ Տիգրան Խաչատրյանը ողջունել է դեսպանին եւ ներկայացրել Հայաստանի կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը, ինչպես նաեւ հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարությունը:
Դեսպան Կիշան Դան Դեվալը, շնորհավորելով նախարարին պաշտոնում նշանակման առթիվ, ներկայացրել է այն հիմնական հարցերի շրջանակը, որոնց ուղղությամբ առաջիկայում հնարավոր կլինի զարգացնել երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցությունը։
Դեսպանը վստահություն է հայտնել, որ Հնդկաստանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը հնարավոր բոլոր ուղղություններով:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ տնտեսական եւ բիզնես ներդրումների ներգրավման եւ այս ուղղությամբ երկու երկրների միջեւ փոխադարձ տնտեսական հետաքրքրություն ներկայացնող հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ կայուն գործընկերային կապերի հաստատման վերաբերյալ հարցեր: