ՄԻՊ-ի բաց դասը Գավառի թիվ 4 դպրոցում
Հասարակություն
«Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, որպես Հայաստանի Հանրապետության ձեռք բերում» թեմայով բաց դաս էր կազմակերպվել Գեղարքունիքի մարզի Գավառի թիվ 4 դպրոցում: Դպրոցի տնօրինության և Հակակոռուպցիոն կենտրոնի հրավերով թեմայի շուրջ խոսելու էին հրավիրվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի տարածքային գրասենյակի աշխատակիցները:
Դպրոցը պատահական չէր ընտրվել. դպրոցի աշակերտների մեծ մասը մանկատան երեխաներ են, ովքեր հաճախ են տարաբնույթ խնդիրներ ունենում իրենց հասակակիցների և ուսուցիչների հետ:
Բաց դասի շրջանակներում Գեղարքունիքի տարածքային գրասենյակի աշխատակիցները երեխաներին ներկայացրեցին
Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը` որպես քաղաքացիական հասարակության կարևոր բաղադրիչ, կառույցի ձեռքբերումներն ու հաջողությունները, ինչպես նաև Պաշտպանի կողմից ձեռնարկված միջոցառումներն ուղղված երեխաների իրավունքների պաշտպանությանն ու խախտված իրավունքների վերականգմանը: Երեխաներն իմացան նաև իրենց իրավունքների և ազատությունների մասին, որոնք ունի յուրաքանչյուր երեխա՝ անկախ ռասսայից, սեռից, լեզվից, կրոնից, ազգային կամ սոցիալական պատկանելիությունից:
Հանդիպման ընթացքում երեխաները բազմաթիվ հարցեր բարձրացրին, որոնք հիմնականում վերաբերում էին ուսուցիչ և աշակերտ, ծնող և երեխա, անչափահաս և ոստիկան իրավահարաբերություններին, պատմեցին իրավախախտման մի քանի դեպքերի մասին, որոնց ականատես են եղել իրենց շրջապատում:
Գրասենյակի աշխատակիցները ներկայացրին նաև երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ Պաշտպանի որդեգրած չորս հիմնական նպատակները. բոլոր երեխաների համար հանդես գալ որպես պաշտպան և խոսնակ, խոցելի իրավիճակներում գտնվող երեխաներին առաջարկվող օգնության ոլորտի ընդլայնում, ապահովել, որպեսզի առանձնահատուկ ուշադրություն դարձվի խոցելի խմբերում ներառված երեխաներին, ապահովել բոլոր երեխաների շահերի պաշտպանությունը ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոնվեցիային համապատասխան:
Երեխաների ոգևորությունն իրենց իրավունքների պաշտպանության հարցում ավելի մեծացավ, երբ նրանք տեղեկացան, որ անձամբ կարող են դիմել Պաշտպանին, քանի որ տարիքային սահմանափակում չկա:
Իսկ հանդիպման ավարտին նրանք ցանկություն հայտնեցին հանդիպել Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին և անձամբ նրան ուղղել իրենց բոլոր հուզող հարցերը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը