Հանդիպում «Լուդինգ» ընկերության գլխավոր տնօրենի հետ
Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է «Լուդինգ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Շահազիզյանին:
Հանդիպման սկզբում Նախագահ Սահակյանը Արցախին մատուցած ծառայությունների համար բարերարին հանձնել է «Երախտագիտություն» մեդալ:
Բակո Սահակյանը բարձր է գնահատել «Լուդինգ» ընկերության դերակատարությունն Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործում՝ նշելով, որ համագործակցության հետագա խորացման համար առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները: Հանդիպմանը նաեւ քննարկվել են ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Այնուհետեւ Նախագահ Սահակյանը բարերարի հետ միասին այցելել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարան եւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն հաստատության պայմանների բարելավման կապակցությամբ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 24-ին այցելել է նաեւ Ստեփանակերտի տուն-ինտերնատ եւ ծանոթացել հաստատության կապիտալ վերակառուցված մասնաշենքերի պայմաններին: Նախագահը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքների կապակցությամբ՝ նշելով, որ դրանք շոշափելիորեն կբարելավեն այնտեղ բնակվող մեր հայրենակիցների կենսապայմանները: Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամին եւ բարերար Արմեն Շահազիզյանին՝ Ստեփանակերտի տուն-ինտերնատի վերակառուցման կապակցությամբ՝ այն համարելով մեր երկրի համար պահանջված նախագիծ:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան