Իտալիան վստահությամբ է նայում Հայաստանի հետ հարաբերությունների ապագային
ՀայաստանՀայաստանի Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան: Ուղերձում ասվում է.
«Երևանն ու Հռոմը միավորված են հազարամյա և բեղմնավոր փոխհարաբերությունների ավանդույթում արմատավորված անկեղծ բարեկամությամբ: Հնագույն քաղաքակրթությունների ժառանգությունը և մեր ժողովուրդների միջև գոյություն ունեցող բնական համակրանքը շարունակում են զարգացնել գերազանց մակարդակի վրա գտնվող երկկողմ հարաբերությունները, որոնք առավել ամրապնդման հնարավորություն կգտնեն Ձեր շատ սպասված պետական այցում:
Այս ամուր հիմքերի վրա Իտալիան վստահությամբ է նայում Հայաստանի հետ հարաբերությունների ապագային՝ հույս ունենալով, որ Երևանի և Եվրամիության միջև երկխոսությունը նոր և ավելի մեծ հնարավորություններ կբացի Ձեր երկրի և ամբողջ տարածաշրջանի համար:
Ձեզ եմ հղում, պարոն նախագահ, անձնական բարօրության իմ ջերմագույն բարեմաղթանքները, իսկ բարեկամ հայ ժողովրդին շնորհավորում եմ այսօրվա հանդիսավոր տոնակատարության առթիվ»: