Տնտեսական ակտիվության ցուցանիշը 8 ամսում աճել է 4.9 տոկոսով
ՏնտեսությունՀայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021-ի հունվար-օգոստոսին 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.9 տոկոսով: Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-օգոստոսին՝ 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1 տոկոսով, շինարարության ծավալը՝ 7.3 տոկոսով:
Առևտրի շրջանառությունում հունվար-օգոստոսին աճը կազմել է 7.1 տոկոս, իսկ մատուցված ծառայությունների ծավալը (առանց առևտրի) աճել է 5.3 տոկոսով:
Հայաստանում 2021 թվականի հունվար-օգոստոսին սպառողական գների ինդեքսն աճել է 6.4 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 9.8 տոկոսով, իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը նվազել է 1.5 տոկոսով:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է 12.7 տոկոս աճ:
Հայաստանից արտահանումն աճել է 21.8 տոկոսով, ներմուծումը՝ 7.7 տոկոսով: Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2021-ի հունվար-օգոստոսին եղել է 514.38: