Մահացել է բլյուզ եւ ռոք երաժիշտ Նիկոլայ Հարությունովը
Գիտություն և ՄշակույթԲլյուզ եւ ռոք երաժիշտ Նիկոլայ Հարությունովը մահացել է 63 տարեկանում՝ կորոնավիրուսային վարակի հետեւանքներից՝ շրջապատված իր ընտանիքով: Այդ մասին երեքշաբթի հաղորդել է ՏԱՍՍ-ը:
«Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ՝ երկու շաբաթվա ընթացքում՝ «Կոմունարկա», քովիդ եւ վերջ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Հարությունովը 1979 թվականին կազմակերպել է «Բլյուզի լիգա» սիրողական խումբը, որը 8 տարի անց ստացել է մասնագիտական կարգավիճակ: Երգացանկի կեսը բլյուզային ստանդարտներ էին՝ անգլերեն, իսկ մյուս կեսը բլյուզ-ռոքային երգեր՝ ռուսերեն: Հարությունովը համույթի հիմնական երգահանն էր, ինչպես նաեւ որոշ տեքստերի հեղինակը: Խմբի ամենահայտնի երգերից են՝ «Արձակեք իմ ձեռքերը», «Հուլիսյան բլյուզ», «Ծույլը», «Ձեր դուստրը», «Իմ մկնիկը», «Էթիկետ»:
Նաեւ Հարությունովը աշխատել է որպես վոկալիստ՝ «Հարությունովի հինգշաբթի», Funky Soul, The Booze Band, «Նիկոլայ Հարությունով & The Blues Barbarians», «Հարությունով & Quorum» խմբերում, հեղինակային հաղորդում է վարել ռադիոյով: