Անասնագոմի են վերածել Հալիձորի բերդը (ֆոտոշարք)
Հասարակություն
Բազմադարյա պատմություն ունեցող մեր եկեղեցական մշակույթն այսօր գտնվում է անպաշտպան ու անմխիթար վիճակում։ Եվ այդ մշակույթի ոտնահարողները հաճախ ոչ միայն թշնամիներն են, այլև հենց այդ մշակույթի «կրողները»՝ հայ ժողովրդի ներկայացուցիչները: Արևմտյան Հայաստանում քրդերի ու թուրքերի ճիրաններում թողած մեր պատմական հարուստ ժառանգության պահպանման մասին հորջորջումներն այսօր լսվում են ամենուր ու անընդհատ, պայքարի կոչեր են արվում՝ գնալ ու ետ բերել հողերը, փրկել հայկական եկեղեցիները, որոնք վերածվել են լավագույն դեպքում տների, հաճախ՝ անասնագոմերի, և որոնց սպառնում է վերջնական ոչնչացումը։ Բայց այսօր մեզանից քանի՞սն է անդրադառնում, թե ինչ է կատարվում հայաստանյան եկեղեցիներում ու վանքերում, այն եկեղեցիներում, որտեղ պատերազմի ու արհավիրքի պահին պատսպարվել է կործանման վտանգի առաջ կանգնած հայ գեղջուկը` իր ամենօրյա աղոթքն ուղղելով առ Աստված, որտեղ մեր սուրբ հայրերի աղոթքով ոգեկոչված`թշնամու դեմ իրենց դարավոր կռիվն են մղել ազգի հերոս նվիրյալները՝ Մամիկոնյանն ու Մարզպետունին, Նժդեհն ու Դավիթ Բեկը։
Երեկ Lurer.com-ը հրապարակել էր մի հոդված, որում անդրադարձել էր այն հարցին, թե ինչպես է Սբ. Կարապետ վանքը քրդերի կողմից վերածվել անասնագոմի։
Արձագանքն այդ հոդվածին չուշացավ, սակայն, ցավոք, ոչ թե պատկան մարմիններից կամ հասարակական կազմակերպություններից մեկի կողմից, այլ՝ մեր ընթերցողներից մեկի, ով Lurer.com-ին փոխանցեց լուսանկարներ, որոնց միջոցով երևում է, թե ինչպես են Հայաստանում հայ նախրապաններն անասնագոմի վերածել ոչ այլ ինչ, քան արդեն վերանորոգված Հալիձորի բերդը՝ ուշ միջնադարի հայկական ճարտարապետական նշանավոր համալիրներից մեկը: Բերդը գտնվում է Կապան քաղաքից 1 կմ հարավ-արևմուտք՝ Ողջի գետի բարձրադիր աջ ափին: 17-րդ դարի առաջին կեսին բերդի տարածքում գործում էր կուսանոց-անապատ, որը պարսպապատելուց հետո ծառայում էր որպես Մելիք Փարսադանյանների տոհմական ամրոց: 1720-ական թվականներին իր անառիկ դիրքի շնորհիվ դարձել է Սյունիքի ազատագրական պայքարի կենտրոնը:
Հալիձորի բերդի մոտ Դավիթ Բեկն ու Մխիթար Սպարապետը 1725-27թ.թ. ջախջախել են թուրքական մեծաթիվ զորքերին:
Հարուստ պատմություն ունեցող այս եկեղեցական համալիրը հասարակ մատուռ կամ վանք չէ, այլ մեր պատմության ամենանշանավոր իրադարձություններից մեկի վկան։ Եվ այս ցավալի իրողությունից հետո հարց է առաջանում՝ 1700 և ավելի տարվա պատմություն ունեցող մեր «հավատացյալ» ազգն ու իր նույնքան «հավատացյալ» ղեկավարությունն ի՞նչ է մտածում այս ամենի վերաբերյալ, և ովքե՞ր են այս և նմանատիպ իրավիճակների պատասխանատուները։
Նելլի Ավետիսյան

























































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը