Տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարող է որակապես փոխել ՀՀ տնտեսության կառուցվածքը. Փաշինյան
ՏնտեսությունՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավատացած է, որ տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարող է որակապես փոխել ՀՀ տնտեսության բովանդակությունը և կառուցվածքը: Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը:
Վարչապետը անվտանգության համակարգի զարգացման իմաստով կարևորեց ոչ միայն բանակի պաշտպանական կարողությունների արդիականացումը, այլև ՀՀ շուրջ բարենպաստ արտաքին միջավայրի ձևավորումը, ՀՀ-ի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի հետևողական իրագործումը: «Դա մենք տեսնում ենք մեր տարածաշրջանում թշնամանքի մթնոլորտի հաղթահարման, ԼՂ հակամարտության կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցային գործընթացի վերականգնման, տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման միջոցով»,-ասաց Փաշինյանը:
Ըստ նրա՝ դա լրացուցիչ խթան կարող է դառնալ ներհայաստանյան ենթակառուցվածքների զարգացման համար, ապահովել երկարաժամկետ ներառական տնտեսական աճ՝ ՀՀ քաղաքացիների համար ստեղծելով հավասար պայմաններ տնտեսական գործունեության մեջ ներգրավելու համար, էականորեն բարձրացնել տնտեսության գրավչությունը տեղական և օտարերկրյա ներդրողների համար: