Հայկական ընկերությունները կուսումնասիրեն Սիերա Լեոնեի ներդրումային հնարավորությունները
ՏնտեսությունԷկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է ՀՀ-ում Սիերա Լեոնեի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալի Բադարա Կամարային (նստավայրը՝ Թեհրան)։
Նախարարը ընդգծել է իր պատրաստակամությունը միասնական ջանքերով նպաստել երկու ազգերի բարեկեցության ապահովմանը:
Հանդիպման ընթացքում դեսպանը համառոտ ներկայացրել է Սիերա Լեոնեի տնտեսության ներկա վիճակը և նշել, որ բիզնեսի գրանցման գործընթացի դյուրացման արդյունքում իր երկրում ստեղծվել է բարենպաստ միջավայր ներդրումների իրականացման համար։ Միևնույն ժամանակ, դեսպանը հրավիրել է հայկական ընկերություններին ուսումնասիրել Սիերա Լեոնեի ներդրումային հնարավորությունները։
Այնուհետև Վահան Քերոբյանը ներկայացրել է այն ոլորտները, որոնցում հնարավոր է երկու երկրների միջև բարեհաջող համագործակցություն, որոնց թվում առանձնահատուկ կարևորել է ոսկերչությունն ու ադամանդագործությունը։ Նախարարն առաջարկել է դեսպան Ալի Բադարա Կամարային Հայաստան կատարած այցի շրջանակում այցելել «Էյ Դի Էմ դայմոնդս» ադամանդի գործարան և տեղում ծանոթանալ հայկական ադամանդագործական արտադրանքին։ Որպես հնարավոր համագործակցության այլ ոլորտ նախարարը մատնանշել է նաև գյուղատնտեսությունը։
Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հանգամանքը` Վահան Քերոբյանը առաջարկել է դեսպանին դիտարկել միության մյուս շուկաներ դուրս գալու հնարավորությունը։