ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Հայաստանում Լիտվայի դեսպանին
ՀայաստանՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին, այս մասին հայտնում են ԱԺ-ից, ընդգծելով, որ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել հայ-լիտվական բարեկամական հարաբերությունները եւ առկա համագործակցությունը: Այս առումով Ալեն Սիմոնյանն առանձնացրել է դեսպանի ջանքերն ու ուշադրությունը համատեղ օրակարգերի իրագործմանը նպաստելու եւ հետեւողականության հարցերում:
Կողմերը քննարկել են հայ-լիտվական խորհրդարանական համագործակցության հեռանկարները եւ այս ուղղությամբ արդեն իսկ գրանցված արդյունքները:
Նշվում է, որ զրուցակիցներն անդրադարձել են խորհրդարանական դիվանագիտությանն ու միջխորհրդարանական համագործակցության աշխուժացմանն ուղղված թեմաներին:
Մտքեր են փոխանակվել ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի շուրջ: Այս համատեքստում Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն բարձր է գնահատել Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները: Նա նշել է, որ Հայաստանի հետ հարաբերություններն իր երկրի առաջնահերթություններից են:
Լիտվայի դեսպանի խոսքով՝ Արեւելյան գործընկերության շրջանակներում իրականացված բարեփոխումների եւ ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված քայլերի շնորհիվ Հայաստանն առաջատարների շարքում է:
Անդրադարձ է եղել ԵՄ շրջանակում Հայաստան-Լիտվա համագործակցությանը: