«Փաստաթուղթը կա, բայց չգիտենք՝ ինչ է գրված այնտեղ»․ ԱԺ պատգամավոր
ՀայաստանԱյսօր համացանցում բուռն կերպով քննարկվում է այն մասին, որ առաջիկայում պատրաստվում է 2 փաստաթղթի ստորագրում, որոնցից մեկը՝ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», մյուսն էլ՝ սահմանազատմանն ու սահմանագծմանը: Թեև իշխանական թևը շարունակում է բացառել «Զանգեզուրի միջանցքի» մասին փաստաթղթի ստորագրումը, այնուամենայնիվ, այդ հայտարարություններին ընդդիմադիր թևը վերապահումներով է մոտենում:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանն ասաց, որ իրենց խմբակցության ներսում անհանգստացած են տարածված լուրերով, անդադար քննարկումներ են ունենում:
Նա նշեց, որ չի բացառում «Զանգեզուրի միջանցքի» մասին փաստաթղթի ստորագրումը, այն էլ այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարություն էր արել. «Դե, ասաց էլի՝ սեղանիս դրված է, պատրաստվում եմ ստորագրել, էլ ոնց հնարավոր չհամարեմ»,- նշեց Նազարյանը։
Ըստ պատգամավորի՝ ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ չգիտեն՝ ինչի մասին է խոսքը․ «Փաստաթուղթը կա, բայց չգիտենք՝ ինչ է գրված այնտեղ»,- եզրափակեց նա։
Նկատենք, որ տարածված աղմուկից ժամեր անց միայն իշխանության թևից սկսեցին արձագանքել տարածվող լուրերին: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ «Զանգեզուրի միջանցքի» մասին փաստաթուղթ չի ստորագրվելու:
ՀՀ կառավարությունից էլ նշել են, որ միջանցքի մասին խոսելն անգամ ավելորդ է:
Զվարթ Պետրոսյան