Հայաստանը հաստատում է մասնակցությունը Սոչիում սպասվող եռակողմ բանակցություններին
ՀայաստանՀայաստանի վարչապետի աշխատակազմը հաստատում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ:
Ի պատասխան «Արմենպրես»-ի հարցման՝ վարչապետի աշխատակազմից հաստատել են, որ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Սոչիում սպասվող հանդիպմանը, որի մասին ավելի վաղ հայտնել էր Կրեմլի մամուլի ծառայությունը:
Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ բանակցություններ կանցկացնեն Սոչիում նոյեմբերի 26-ին:
Նշվում է, որ Փաշինյանը, Պուտինը և Ալիևը կնախանշեն Լեռնային Ղարաբաղում կայունությունն ամրապնդելու և խաղաղ կյանքի հաստատմանն ուղղված հետագա քայլերը: Հատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականագնման հարցերին: Բացի եռակողմ հանդիպումից, ՌԴ նախագահը Սոչիում նաև առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: