Պետք է հասկանալ անկլավների իրավական հիմքերը. Փաշինյան
ՀայաստանԱյն, որ Ադրբեջանը հետապնդում է անկլավների հարց, և նույնիսկ նոյեմբերի 9-ին փորձ է արվել անդրադարձ կատարել այդ հարցին, ես դրա մասին խոսել եմ։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք բանակցային սեղանին դրված է անկլավների վերադարձի, փոխանակման հարցը, դրանց պահպանման հարցու՞մ էլ ՀՀ-ն պետք է ինչ-որ բան զիջի։
«Բայց այստեղ էլ մեր դիրքորոշումը հետևյալն է, որ մենք պետք է հասկանանք՝ այդ քարտեզի վրա որ անկլավ է նկարած, դա, ի վերջո, ինչ իրավական հիմք ունի։ Դա իրավական հիմք ունի՞, թե՞ չունի, թե՞ քարտեզի վրա արված ուրվագիծ է և երկու կոլխոզների որոշում, որ, օրինակ, այս մի կոլխոզը այս մի տարածքից նվիրում է եղբայրական Ադրբեջանին և այլն։ Մենք խիստ կասկածում ենք, որ դա իրավական հիմք ունի»,-ասաց նա՝ նշելով, թե չի ուզում ավելի հեռուն գնացող հայտարարություններ անել, որովհետև այդ հարցերը դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացում պետք է քննարկվեն։
«Այդպիսի մոտեցում էլ կա, որ ասենք՝ այդ հարցը չենք լսում կամ չենք ուզում քննարկել։ Մենք պետք է հասկանանք՝ դա ինչ հարց է, որտեղից են ծագել այդ անկլավները։ Մենք գիտենք՝ այդ պնդումն իրավական հիմք ունի, թե չունի, գիտենք նաև՝ Արծվաշենն ինչ կարգավիճակում է։ Աշխարհում կան դեպքեր, երբ անկլավները փոխանակվել են այն տրամաբանությամբ, որ մնացել են այն երկրի սահմաններից այն կողմ, որով պարփակված են, բայց դրանից առաջ մենք պետք է իրավական հիմքերը հասկանանք ՝ այդ անկլավը քարտեզի վրա նկարած նկա՞ր է, թե՞ իրավական հիմք ունի։ Այս հարցերը պետք է լրջորեն դիտարկվեն, և մենք լրջորեն դիտարկել ենք, պարզապես չենք ուզում որևէ քաղաքական ճնշման ներքո ՀՀ-ի համար կարևոր խաղաքարտեր բացել»,-ասաց նա։