Կառավարությունը վավերացրել է ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև կնքված համագործակցության համաձայնագիրը
ՀայաստանՀայաստանի կառավարությունը վավերացրել է Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների և Սինգապուրի Հանրապետության միջև համապարփակ տնտեսական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը:
Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 1-ին, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից:
Համապարփակ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրով նախատեսվում է կողմերի փոխազդեցության բազմակողմ զարգացման պարտավորություն, որի նպատակն է հանդիսանում ապրանքների և ծառայությունների առևտրի խթանումը, կոոպերացիայի ընդլայնումը, ինչպես նաև կապիտալ ներդրումների, ընկերությունների հիմնադրման և գործունեության պաշտպանության ժամանակակից ստանդարտների ապահովումը։
Միաժամանակ, վերոնշյալ համաձայնագրով ամրագրվում է ապրանքների ազատ առևտրի, ներդրումների և ծառայությունների մասով համաձայնագրերի կնքման կողմերի մտադրությունը՝ համաձայն վերջիններիս կողմից սահմանված կանոնների և իրավասությունների։
Համաձայնագրի նպատակն է ստեղծել շահավետ միջավայր և պայմաններ փոխադարձ առևտրային հարաբերությունների զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում Կողմերի միջև տնտեսական համագործակցության խթանման համար, ինչպես նաև վերացնել Կողմերի միջև առևտրային և ներդրումային խոչընդոտները, նվազեցնել բիզնեսի ծախսերը և բարձրացնել տնտեսական արդյունավետությունը: