Ներկայիս նախարարը պարգևատրեց նախկին նախարարին
Հասարակություն
Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում հյուրընկալվել էր Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Շահգելդյանը։ 2008 թվականին, երբ ստեղծվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, նա դառնում է ՀՀ արտակարգ իրավիճակների առաջին նախարարը:
Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանը նշեց. «Մենք հրավիրել ենք Ձեզ, որպեսզի շնորհակալություն հայտնենք կատարած աշխատանքի համար և ցույց տանք, որ մենք այն շարունակում ենք և բոլոր ուղղություններով գնում առաջ։ Թող բոլորն իմանան, որ մենք չենք մոռանում մեր պատմությունը, մեր առաջին նախարարին, որ հիշում և բարձր ենք գնահատում Ձեր արած աշխատանքն ու ներդրումը՝ արտակարգ իրավիճակների նախարարության կայացման գործում»։
Սեպտեմբերի 29-ին լրացավ Մ. Շահգելդյանի ծննդյան 45-ամյակը։ Այդ կապակցությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԻ նախարարության գործունեության օրենսդրական դաշտի ձևավորման և նախարարության կայացման գործում ներդրած անձնական ավանդի համար ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով Մ. Շահգելդյանը պարգևատրվեց ՀՀ ԱԻՆ «Պատվավոր աշխատակից» մեդալով և թանկարժեք նվերով։
Մ. Շահգելդյանի խոսքերով՝ երկար տարիներ քաղաքականությամբ զբաղվելով, մարդու հոգին կարծրանում է, սակայն այսօրվա հանդիպումը ստիպեց իրեն հուզվել։ «Սա ինձ համար մեծ ու շատ հաճելի անակնկալ էր։ Այսօրվա հանդիպումն ընդմիշտ կմնա ինձ հետ, որովհետև սրա մեջ մեծ գնահատական կա։ Շատ ուրախ եմ, որ նախարարությունն այսօր, պարոն Երիցյանի գլխավորությամբ, մեծ հաջողությունն է գրանցել։ Միշտ հետևում եմ բոլոր զարգացումներին և հպարտանում նախարարության ձեռքբերումներով։ Շնորհակալություն եմ հայտնում և բոլորիդ մաղթում նորանոր հաջողություններ»,- ասաց Մ. Շահգելդյանը։
Պարգևատրման արարողությունից հետո Մ. Շահգելդյանն ԱԻ նախարարի ուղեկցությամբ շրջեց ԱԻՆ «Արտակարգ քաղաքում», եղավ նախարարության մարզադահլիճում, համաբուժարանում և Ճգնաժամային կառավարման կենտրոնում՝ ծանոթանալով դրանց գործունեությանն ու տեխնիկական հնարավորություններին՝ արձանագրելով առաջընթացն ու խոստանալով միշտ լինել նախարարության կողքին։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը