Պաշտպանը 2-րդ անգամ է դիմել մարզպետին. խնդիրը դեռևս լուծված չէ
Հասարակություն
Գյումրի քաղաքում շուրջօրյա ատամնաբուժարան բացելու խնդրանքով Գյումրու մի խումբ բնակիչներ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին:
Քաղաքում շուրջօրյա գործող ատամնաբուժարանի բացակայությունը բազմաթիվ խնդիրներ է առաջացնում բնակիչների շրջանում, հատկապես երեխաների դեպքում, երբ ծնողները ստիպված են լինում կեսգիշերին էլ հասնել Երևան՝ հայտնել էին բնակիչները:
Բարձրացված խնդրի առնչությամբ Պաշտպանը օգոստոս ամսին գրություն է ուղարկել Շիրակի մարզպետին: Ի պատասխան գրությանը՝ Շիրակի մարզպետը հայտնել է, որ Գյումրի քաղաքում ստոմատոլոգիական բուժօգնության և սպասարկման որակը բարձրացնելու նպատակով նախատեսվում է «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում բացել շուրջօրյա գործող ստոմատոլոգիական կաբինետ:
Գյումրու բնակիչները սակայն դժգոհում են, քանի որ խնդիրը մինչ օրս լուծված չէ:
Պաշտպանը մեկ անգամ ևս դիմել է մարզպետին՝ խնդրելով շուրջօրյա գործող ստոմատոլոգիական կաբինետի բացման համար ձեռնարկված միջոցառումների, ինչպես նաև այդ միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ժամանակի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը