Ադրբեջանցիների կողմից առևանգված Տեղի բնակչին ռուս խաղաղապահները հանձնել են ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներին
ՀայաստանՍյունիքի մարզի Տեղ համայնքի հովիվ Սուրիկ Մաթևոսյանը, ում երեկ ադրբեջանցիներն առևանգել էին, ռուս խաղաղապահները հանձնել են ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչներին:
«Ռուս խաղաղապահների միջնորդությամբ, երկու կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ քաղաքացի Ս. Մաթևոսյանը հանձնվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչներին», - ասված է Արցախում ռուս խաղաղապահների ներկայացուցչության մամուլի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էր, որ երեկ՝ հունվարի 13-ին, ադրբեջանցիները Սյունիքի մարզի Տեղ համայնքից ոչխարներին արածեցնելու ժամանակ առեւանգել են հովիվին եւ իր մոտ 500 ոչխարներին։ ՄԻՊ-ի փոխանցմամբ, ժամը 15:30-ի սահմաններում Ադրբեջանի 4 զինված ծառայող, նկատելով ՀՀ խաղաղ բնակչին, իջել են իրենց դիրքերից՝ մոտ 150մ., և նրա վրա գոռգոռալով, քաշքշելով, ուժի գործադրմամբ տարել են դեպի իրենց կողմը՝ Ծիծեռնավանքի ուղությամբ: