Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ՀայաստանԱրմավիրի, Բաղրամյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աբովյանի, Սևանի, Նոյեմբերյանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Վարդենիսի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին, Դիլիջանի ոլորաններում հունվարի 20-ի առավոտվա դրությամբ ձյուն է տեղում։
Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, տեղեկացնելով, որ Անիի, Արթիկի, Աշոցքի, Արարատի, Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածին բուք է։
Բքի պատճառով Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Աշտարակի, Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։
Սաստիկ բքի հետևանքով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: