Վրաստանի արդարադատության նախարարն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և «Արմավիր» ՔԿՀ
ՎրաստանՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրավերով Հայաստանում գտնվող Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանի և ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության ղեկավար Սերգեյ Ատոմյանի ուղեկցությամբ այսօր այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
«Ռատի Բրեգաձեն ծանոթացել է քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների պահման պայմաններին: Փոխնախարար Արփինե Սարգսյանն ու ՔԿՀ ղեկավար Սերգեյ Ատոմյանը Ռատի Բրեգաձեին են ներկայացրել դատապարտյալների բուժսպասարկման բաժանմունքը, խոհանոցը, գրադարանը:
Պաշտոնյաները փորձել են նաև դատապարտյալների համար նախատեսված ճաշից, հետաքրքրվել են՝ ընդհանուր ճաշացանկից, բուժսպասարկումից, դատապարտյալների կրթությունից, զբաղվածությունից:
Ռատի Բրեգաձեն կարճ տեսակցություն է ունեցել նաև «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող Վրաստանի Հանրապետության քաղաքացիների հետ, վերջիններս Բրեգաձեի հետ զրույցում նշել են, որ պահման պայմանների վերաբերյալ բողոքներ չունեն:
Երկօրյա այցի շրջանակում Վրաստանի արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, «Ալեք և Մարի Մանուկյանների» գանձատուն-թանգարան: Նաթա Սրբազանը այցելություններին ներկայացրել է թանգարանում առկա ցուցանմուշները»,- ասվում է հաղորդագրությունում: