Հայաստանի և ԻԻՀ նախարարները կարևորել են հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումը
ՀայաստանՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը գրել է․
«Այսօր ընդունել եմ Իրանի Իսլամական հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Ռեզա ֆաթեմի Ամինի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։
Նախ բարձր եմ գնահատել Իրանի հետ բարեկամական հարաբերությունները և ընդգծել, որ երկու երկրները շատ մեծ ներուժ ունեն, որի փոքր մասն է իրացվում։ Անհրաժեշտություն կա մի շարք ոլորտներում առկա համագործակցությունը խորացնել։
Իրանցի նախարարը կարևորել է հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումը, որը խթան կհանդիսանա մեր երկու երկրների միջև առկա առևտրային հարաբերությունները զարգացնելու համար։
Իրանական կողմը հետաքրքրություն է ցուցաբերել նաև Հայաստանում ճանապարհների, ջրամբարների կառուցման հարցի շուրջ։ Քննարկել ենք նաև Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման հարցը, ինչպես նաև կարևորել էներգետիկ ոլորտում առկա համագործակցությունը խորացնելու հեռանկարները։
Հանդիպման ընթացքում քննարկել ենք նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր»։