Հայաստանի փայլուն մասնակցությունը Դելփյան խաղերին
Հասարակություն
Դելփյան խաղերը մանկապատանեկան կատարողական արվեստի ասպարեզում միջազգային ամենահեղինակավոր ստուգատեսն են, որոնց մասնակցելն, առավել ևս, մրցանակային տեղ գրավելը պատիվ է մասնակից երկրներից յուրաքանչյուրի համար: ԱՊՀ շրջանակներում Դելփյան խաղեր կազմակերպելու որոշումն ընդունվել է 2001 թ. նոյեմբերի 29-ին Մոսկվայում՝ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի կողմից: Վերոնշյալ խորհրդի նիստում ստորագրվել է «ԱՊՀ մասնակից երկրների մինչև 2005 թվականը մշակույթի ոլորտում հիմնական միջոցառումների մասին» որոշումը, որի համաձայն՝ ԱՊՀ երկրներում պարբերաբար կազմակերպվել են Դելփյան խաղեր. մեկնարկը տրվել է 2002 թ. Բյանսկում /ՌԴ/, այնուհետև, 2004 թ. Քիշնև /Մոլդովա/, 2005 թ. Կիև /Ուկրաինա/, 2006 թ. Աստանա /Ղազախստան/, 2008 թ. Մինսկ /Բելառուս/, 2010 թ. Երևան /Հայաստան/ և 2012 թ. Աստանա /Ղազախստան/: Հայաստանը սկզբից ևեթ մասնակցել է բոլոր խաղերին, թիմային հաշվարկով միշտապես զբաղեցնելով պատվավոր տեղեր /նվազագույնը՝ 3-րդ տեղ/: 2010 թ. Դելփյան խաղերն անցկացվել է Հայաստանում և նվիրված էին Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին. հայաստանյան ստուգատեսին մեր երկիրը գրավել է 1-ին տեղը, նվաճելով 36 մեդալ՝ 15 ոսկե, 14 արծաթե, 7 բրոնզե և 43 դիպլոմ:
ԱՊՀ մասնակից երկրների «Երիտասարդների ավյունը» խորագիրը կրող երիտասարդական 7-րդ բաց Դելփյան խաղերը կայացել են 2012 թ. սեպտեմբերի 24-29-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, որին մասնակցության հայտ էին ներկայացրել ավելի քան 20 երկրի 700 մասնակից:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանը ներկայացրել են 9 մասնակից 6 անվանակարգերում՝ դասական երգեցողություն, դաշնամուր, կերպարվեստ, սաքսոֆոն, դասական պար, կրկես: Հայ շնորհալիների ակտիվ մասնակցության արդյունքում Հայաստանը նվաճել է հետևյալ մրցանակներն ու մեդալները՝
1-ին մրցանակ և ոսկե մեդալ-Մանե Գալոյան՝ «Դասական երգեցողություն»,
1-ին մրցանակ և ոսկե մեդալ-Քրիստինա Հարության՝ «Դասական պար»,
2-րդ մրցանակ և արծաթե մեդալ-Արամ Պողոսյան՝ «Սաքսոֆոն»,
2-րդ մրցանակ և արծաթե մեդալ-Արմեն Սարգսյան՝ «Կրկես»,
3-րդ մրցանակ և բրոնզե մեդալ-Տիգրան Օհանյան՝ «Դասական երգեցողություն»,
3-րդ մրցանակ և բրոնզե մեդալ-Լևոն Մանասերյան՝ «Դաշնամուր»,
Դիպլոմ-Դավիթ Սահակյան՝ «Կերպարվեստ»:
Հայաստանյան ժյուրիի կազմում ընդգրկված էին Արմեն Բաբախանյանը /ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան/, Արմեն Գրիգորյանը /ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, համամիութենական մրցույթի դիպլոմանտ, Երևանի պարարվեստի պետական քոլեջի տնօրեն/, Սուսաննա Մարտիրոսյանը /միջազգային մրցույթների դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր/, Ավետիս Գինոսյանը /Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նորքի հայորդյաց տան Գ. Գինոսյանի անվան կրկեսային համույթի գեղարվեստական ղեկավար/:
Ս. թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ մշակույթի նախարարությունում Դելփյան խաղերի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Լիլիա Նիկոյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան Արմեն Բաբախանյանը և փառատոնի մրցանակակիրները:
Լուսանկարները՝ Արթուր Հարությունյանի


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը